Օրերս Բաքվի Yeni Müsavat-ը հղում անելով չանվանված, «արտասահմանում գտնվող մեդիաները, որ գործում են Իրանի իշխանությունների դեմ», հրապարակեց հետևյալը. «Իրանի պահպանողական շրջանակները և SEPAH կազմակերպությունը (Իրանի ռազմական հետախուզության և զինված կազմակերպության կառույցը) հետևում են ադրբեջանցի ակտվիստներին երկրի հյուսիս-արևմուտքում իբր «անջատողական» միտումների պատճառով, նաև ձգտում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ նրանց չեզոքացնելու:
Նահանգներում, որտեղ ապրում են ադրբեջանցիները, մասնավորապես՝ Ադրբեջանին սահմանակցող տարածքներում, դրսևորվում է բարձր ուշադրություն, կազմակերպվում են աշխատանքներ՝ լուրջ քարոզչության միջոցով ակտիվիստների հեղինակությունը խարխլելու համար: «Անհրաժեշտ միջոցառումների թվում նախատեսվում է «Ադրբեջանական լեզվի ու մշակույթի հիմնադրամի» ստեղծման արագացումը և արմատական իսլամիստներին նրա վերահսկողությանը հանձնումը, նաև քարոզչությունը, որ ադրբեջացիները հետաքրքրված չեն թուրքական լեզվով ու գրականությամբ: Նույնիսկ Traktor ֆուտբոլային թիմի ֆանատներին տրամադրում են ադրբեջանցի ակտիվիստների դեմ: Հաղորդվում է հատուկ ԶԼՄ-ների ստեղծման մասին ադրբեջանցի ակտիվիստների հեղինակությունը խարխլելու նպատակով»:
Ցավոք, Yeni Müsavat-ի հիշատակած արտասահմանյան մեդիաների մեր որոնումները հաջողություն չունեցան: Բայց պարզ է, որ այդ հրապարակումը պատահական չէ և նվիրված է Իրանում մայիսի 19-ի նախագահական ընտրություններին, որոնց մասնակցում են վեց թեկնածուներ, ներառյալ գործող նախագահ Հասան Ռոհանին: Yeni Müsavat-ը իր կողմից հավելում է. «Վստահաբար կարելի է ասել՝ այս ընտրություններից հետո պաշտոնական Թեհրանի վերաբերմունքը Հարավային (Իրանական) Ադրբեջանին ու մեր հարավցի հայրենակիցների նկատմամբ չի փոխվի»: Փաստացի՝ սա կոչ է իրանցի ադրբեջանցիներին բոյկոտել ընտրությունները: Իսկ հետո՞: Այս տարվա փետրվարին, այսպես կոչված, Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը (ANRO) դիմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով իրանցի ադրբեջացիներին իրանցի չհամարել: «ՈՒզում ենք ձեզ հաղորդել, որ իրանյան վարչակարգը գրավել է մեր բնիկ հողերը ուժով և դաժանությամբ,- ասվում է նամակում:- Մենք՝ Հարավային Ադրբեջանի բնակիչներս, հայտարարում ենք, որ Հարավային Ադրբեջանը Իրան չէ: Երկար տարիներ մենք խաղաղ պայքար ենք մղում հանուն ազատության և վերջնական ազատագրման իրանական վարչակարգի իշխանությունից ու բռնություններից: Դրա հետևանքով վերջին տասնամյակներին Հարավային Ադրբեջանի շատ ակտիվիստներ հարկադրված են եղել լքել հարազատ վայրերը և ապաստան որոնել Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Անցած ամբողջ հազարամյակի ընթացքում տիրակալների մեծ մասը, որ իշխում էին Իրանում, թուրքեր են եղել:
Այդպես է եղել մինչև 1925-ին ադրբեջանական Քաջարների դինաստիայի գահընկեց արվելը, որից հետո պարսկական ազգայնականությունը գերակայող դարձավ, իսկ արաբաֆոբիան, հակաթուրքականությունն ու հակաիսլամականությունը դարձան հիմնականը ժամանակակից իրանական պետության ձևավորման համար: Նոր իշխանությունը սկսեց վարել ամբողջ ոչֆարսիական պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականություն՝ ջնջելով ամբողջ ադրբեջանականը: Մենք համոզված ենք, որ բոլոր անհրաժեշտ պայմանները Հարավային Ադրբեջանում ադրբեջանցիների ինքնորոշման համար պետք է կատարվեն, որ ինքնորոշումը մեր ժողովրդի օրինական իրավունքն է»:
Եթե իրավիճակը գնահատենք պաշտոնական տեսակետից, Թեհրանն ու Բաքուն ակտիվորեն զարգացնում են սերտ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Բայց եթե վերլուծենք Իրանում բազմամիլիոն բնակչության առկայության ենթատեքստում, որ իրեն նույնականացնում է իբրև ադրբեջանցի, որը իրենից ներկայացնում է մեծությամբ երկրորդ էթնիկ խումբը (տարբեր գնահատականներով՝ պարսիկներից հետո 16 %- 25 %), երկու հարևան երկրների հարաբերություններում լուրջ ճգնաժամի տարրեր կան: Հավելեք՝ Թեհրանի նյարդայնությունը հարուցող՝ Ադրբեջանի դաշնային հարաբերությունները Թուրքիայի հետ և Ադրբեջանի աշխարհիկ պետություն լինելը: Համարյա ամեն ինչ պատմությունից է գալիս: Մինչև XIX դարասկիզբ տարածքը (խանություն), որտեղ ձևավորվել է ներկա Ադրբեջանը, Պարսից կայսրության կազմում էր:
Հետո խանությունները, որ Արաքսից հյուսիս էին, անցան Ռուսաստանին: Խորհրդային տարիներին՝ 1945−46-ին, Իրանի հյուսիսում ստեղծվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որը հեռանկարում պետք է միանար Խորհրդային Ադրբեջանին: Բայց Ստալինը հրաժարվեց այդ աշխարհաքաղաքական նախագծից: Իսկ իրանցի ադրբեջանցիների մեջ սերմանվեցին անջատողականության սերմեր: Առայժմ նրանք աճել են մինչև Իրանի կազմում ինքնավարության ձգտում: Շատ փորձագետներ նշում են, որ որոշակի պայմաններում կարող են ծիլեր տալ, քանի որ Թեհրանը իր ներքին քաղաքականությունը կառուցում է կրոնական, ոչ թե էթնիկ քաղաքացիության նույնականության հիքմով:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրենց զգալ տվեցին միանգամից մի քանի ուղղություններ: Առաջին՝ Իրանում հայտնվեցին ուժեր, որ կողմ են նախկին հյուսիսային խանությունների վերադարձին: Երկրորդ՝ Ադրբեջանում չբարձրաձայնելով վերականգնեցին «Մեծ Ադրբեջանի» նախագիծը, որ միավորում է Հյուսիսային («ռուսական») և Հարավային («իրանական») մասերը: Երրորդ՝ Արևմուտքի հետ Իրանի դիմակայության պայմաններում միջուկային ծրագրի իրականացման պատճառով ԱՄՆ-ը սկսեց լրջորեն ուսումնասիրել և դիտարկել Իրանի մասնատման հնարավորությունը Սիրիայի ու Իրաքի օրինակով, որից հետո անխուսափելիորեն կծագի ոչ միայն ադրբեջանական նահանգների ապագայի հարցը:
Մերձավոր Արևելքում քրդական խնդրի ակտիվացումը շարժման մեջ դրեց և իրանցի քրդերին, որ բնակվում են մի քանի նահանգներում, որոնք ոչ պաշտոնապես անվանվում են Իրանական կամ Արևելյան Քրդստան, որտեղ մտնում են Արևմտյան Ադրբեջան նահանգի արևմտյան և հարավային մասերը՝ Քրդստան, Քերմանշահ, Իլամ նահանգները: Քրդական պետություն՝ Շակակ ցեղախմբի քուրդ առաջնորդ Սիմկոյի գլխավորությամբ, Իրաքում եղել է 1918-1922-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան Իրանում իր պետությունը փորձեց ստեղծել մեկ այլ քուրդ շեյխ՝ Համա Ռաշիդը: Այսօր քրդական իրանյան էլիտան հավակնում է ստեղծել Իրաքյան Քրդստանի օրինակով կազմավորում: Իրանի հարավ-արևելյան հատվածում իրենց շահերն են հայտարարում բելուջները՝ պարսկալեզու մեծ ժողովուրդներից մեկը, որ բնակվում են նաև սահմանակից Պակիստանում ու Աֆղանստանում: Ի տարբերություն Իրանի բնակչության հիմնական մասի, բելուջները սուննի են:
Չորրորդ՝ տեսանելի է դառնում «Թուրքման-Ալի» նախագծի ի հայտ գալը՝ մեկ պետության մեջ միավորումը Հյուսիսային Իրանի, Հյուսիս-Արևմտյան Աֆղանստանի մի մասի, որ բնակեցված է թուրքմեններով, ու ներկա Թուրքմենստանի ամբողջությամբ: Միով բանիվ՝ անջատողականությունը Իրանի համար միանգամայն ռեալ սպառնալիք է: Արաբական գարնան վրա հմտանալով՝ ԱՄՆ-ի ստրատեգները և նրանց գործընկերները Մերձավոր Արևելքում հակաիրանական քաղաքականություն ընդունելու դեպքում կարող են ակտիվորեն խաղարկել, և, կարծես, արդեն խաղարկում են Իրանի տարածքային ամբողջականության մասնատման խաղաքարտը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքները վերածելով հնարավոր քաղաքացիական պատերազմի պլացդարմի: Հենց այդպես սկսվեց ճգնաժամը Սիրիայում:
Որքան էլ անհավանական թվա իմ կանխատեսումը, կարծում եմ, որ Yeni Müsavat-ի հրապարակումը վկայում է, որ պետք է պատրաստ լինել անսպասելի իրադարձությունների, նախ և առաջ, Իրանի ադրբեջանական նահանգներում, որտեղ սկսում է ուրվագծվել Իրանի նոր տարածքային խոցելի կետը: Հանգուցյալ քաղաքագետ Հեյդար Ջեմալը, մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսական Դան Ռոռաբախերի աշխարհագրական քարտեզը՝ 40 միլիոն բնակչությամբ միացյալ Ադրբեջանի, ուրվագծումով, զգուշացնում էր, որ «Իրանի մասնատման և «երկու Ադրբեջանների» միավորման գաղափարը վտանգավոր է Ադրբեջանի Հանրապետության կայունության համար»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Փաստացի՝ վառոդի տակառի վրա ենք ապրում: Հաջորդ կիրակի Իրանը նախագահ է ընտրում և գուցե պատահական չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդը արգելեց նախագահական ընտրություններին մասնակցել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որ էթնիկ ադրբեջանցի է: Նախագահի թեկնածու էին ուզում լինել 1636 իրանցի՝ 1499 տղամարդ և 137 կին: Դիտորդների խորհուրդը հաստատեց վեցին՝ Մոստաֆա Աղա Միրսալիմին, Էսհակ Ջհանգիրիին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին, Մոհամեդ-Բաղեր Գալիբաֆին, Մոստաֆա Հաշեմի Տաբային, Հասան Ռոհանիին: ՈՒրբաթ օրը երրորդ և վերջին հեռուստաբանավեճն էր՝ պայքարը ծավալվեց Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի և Հասան Ռոհանիի միջև և, ի տարբերություն նախորդ երկու հեռուստաբանավեճերի՝ Հասան Ռոհանին շատ կտրուկ էր ու ակտիվ: Վերջին սոցհարցման տվյալներով, որ անցկացվել է և քաղաքներում, և գյուղերում, Ռոհանիին ձայն կտա 41,6 տոկոսը, Ռաիսիին՝ 26,7, Գալիբաֆին՝ 24, 6: Ռաիսին, որ նախորդ հարցումներով երրորդն էր, առաջ է անցել, Ռոհանիի ընդդիմախոսները միասին հավաքում են 51,3 տոկոս: Չի բացառվում, որ ընտրությունները երկրորդ փուլ ունենան: Եթե Ռոհանին առաջին փուլում չհաղթի, երկրորդում նրա համար դժվար կլինի, եթե ընդդիմադիրները միավորվեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ